National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.05.2021
Առաջին ընթերցմամբ ընդունվեց ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը
1 / 18

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ մայիսի 6-ին խորհրդարանն արտահերթ նիստ գումարեց: Օրակարգում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հարցն էր:

Հիմնական զեկուցող Համազասպ Դանիելյանն անդրադարձավ նախագծի՝ արտահերթ ռեժիմով քննարկման անհրաժեշտությանը: Նա նշեց, որ նախագծի ընդունումն ԱԺ յոթերորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության քաղաքական հանձնառություններից է: Նախագծի աշխատանքները մեկնարկել են դեռեւս 2020-ի ամռանը, սակայն հայտնի իրադարձություններից հետո փոխվել են որոշ առաջնահերթություններ: 2021 թվականի սկզբին նախագիծը ներկայացվել է խորհրդարանական բոլոր խմբակցություններին: Մարտի 4-ին նախագիծը դրվել է շրջանառության մեջ՝ միաժամանակ ուղարկվել ԵԽ Վենետիկի հանձնաժողովին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համատեղ կարծիք ստանալու համար: Այն ստացվել է ապրիլի 22-ին: Նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո խորհրդարանական խմբակցությունները համաձայնության են եկել արտահերթ ընտրություններ կազմակերպելու եւ այն հունիսի 20-ին իրականացնելու շուրջ:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթում Լիլիթ Մակունցը նշեց. «Օրենսդրական փաթեթի վերաբերյալ ԵԽ Վենետիկի հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինագիծը եղել է մեր քաղաքական թիմի հանձնառությունը՝ մենք նպատակ ունեինք այն քննարկելու եւ ընդունելու մինչեւ Ազգային ժողովի արձակումը»: Լիլիթ Մակունցը շնորհակալություն հայտնեց գործընկերներին առավելագույն ջանքեր գործադրելու եւ մանրակրկիտ  աշխատանք կատարելու համար:

Ազգային ժողովը քվեարկությամբ որոշեց արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, իսկ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկները, ինչպես նաեւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար՝ սահմանել ութական ժամ:

Համազասպ Դանիելյանը նշեց, որ նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո կազմակերպվել են հանրային քննարկումներ, տարբեր ձեւաչափով բանավեճեր, լրատվամիջոցներով հանրությանը ներկայացվել են օրենսդրական նախաձեռնության կարգավորման առանցքային դրույթները: Նա ընդգծեց, որ շրջանառվող նախագծի բովանդակության հետ կապված առկա են որոշ տարբերություններ. պատգամավորները ներկայում քննարկելու եւ քվեարկելու են վերամշակված տարբերակը: Հիմնական զեկուցողն անդրադարձավ օրենսդրական փաթեթում տեղ գտած առանցքային փոփոխություններին, ներկայացրեց ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքի ամփոփագրի բովանդակությունը: Նշվեց, որ գոհունակությամբ են ընդունվել քաղաքական կողմերի եւ հասարակական կազմակերպությունների միջեւ կազմակերպված քննարկումները: Փոփոխությունների փաթեթն ընդունելի է, քանի որ նրանում հաշվի են առնվել ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գրասենյակի նախկինում բարձրաձայնված առաջարկությունները, ինչպես նաեւ դիտորդական առաքելությունների վերջնական զեկույցները: Կարեւորվել են կառավարման կոալիցիաների ստեղծման հնարավորություններ ընձեռելուն, կուսակցությունների համար ընտրական գրավի նվազեցմանը, ԿԸՀ-ի ինտերնետային կայքի միջոցով ընտրազանգվածին տրամադրվող ինֆորմացիայի քանակի եւ տեսակի ավելացմանը վերաբերող դրույթները:

Հարցերը հիմնական զեկուցողին վերաբերում էին օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելու ժամկետներին, սոցիալական մեդիաների թափանցիկության տեսանկյունից ձեռնարկված քայլերին, միջազգային փորձի ուսումնասիրությանը, վերջնական տեսքով հանրային քննարկմանը ներկայացնելուն:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Վահագն Հովակիմյանը: Պատգամավորը, անդրադառնալով հնչեցված հարցին, թե նախագիծը փոփոխված է ներկայացվում, ընդգծեց, որ այն լրամշակվել է, ինչի արդյունքում էլ բարելավվել է: Հովակիմյանը շեշտեց, որ օրենսդրական փոփոխությունները չեն անդրադառնալու հունիսի 20-ին նախատեսվող ԱԺ արտահերթ ընտրությունների վրա:

Կառավարության եզրակացությունը ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ գործադիրն ակտիվ մասնակցություն է ունեցել օրենսդրական փաթեթի աշխատանքներում: Նշվեց, որ Կառավարությունը ներկայացրել է ծավալուն առաջարկներ, որոնց մեծ մասն ընդունվել է: Նա ընդգծեց, որ փոփոխությունները բխում են Կառավարության կողմից հաստատված դատական ու իրավական բարեփոխումների ծրագրից` ամփոփելով ընտրական բարեփոխումների կարեւոր փուլը, որը սկսել է պարզ համամասնական համակարգի անցնելուն միտված փոփոխությամբ:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ ելույթներ ունեցան ԱԺ պատգամավորները:

Սոֆիա Հովսեփյանի կարծիքով՝ օրենսդրական փաթեթը պետք է լայն քննարկում անցներ, որովհետեւ 2018-ի ԱԺ ընտրություններից հետո բոլորը սպասում էին Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Պատգամավորը նաեւ ներկայացրեց առաջարկներ:

Արման Բաբաջանյանը վստահեցրեց, որ իրենց կուսակցությունը՝ որպես արտախորհրդարանական ուժ, մասնակցել է քննարկումներին: Նշվեց, որ իրենք աջակցել են փոփոխություններին, եւ ինքը կողմ է քվեարկելու:

Լիլիթ Մակունցն առանձնացրեց հատկապես անցողիկ շեմին վերաբերող փոփոխված դրույթները, ընդգծեց հայտարարագրման ենթակա ծախսերի ընդլայնման նախատեսումը, որը միտված է ֆինանսական թափանցիկությանը:

Հիմնական զեկուցող Համազապ Դանիելյանն անդրադարձավ պատգամավորների հնչեցրած հարցադրումներին ու առաջարկներին:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձանագրեց, որ առաջարկվող փոփոխությունների մասին Հայաստանի Հանրապետությունում տասնամյակներ շարունակ բարձրաձայնել են ընդդիմադիր ուժերն ու տարբեր կազմակերպություններ: Դրանք բոլորն ընդգրկված են այս փաթեթում, որը, ըստ նրա, արժանվույնս կգնահատվի:

««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քվեարկությամբ ընդունվեց առաջին ընթերցմամբ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am